ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.29, EUR 562.92, RUB 6.63, GBP 659.17
+13 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Վերջին պատերազմում մեր ջախջախման գլխավոր պատճառներից մեկը». Կարպիս Փաշոյան
02:12, 28.07.2021
5198 | 1

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընկերներիցս մեկն ինձ կշտամբել է, թե ինչպե՞ս կարող եմ այս կամ այն զորահրամանատարին տաղանդավոր և հանճարեղ համարել, չէ՞ որ նրանք զոհվող և վիրավորվող զինվորների հաշվին են իրենց կարիերան առաջ մղում։
Մեծ հաշվով այս կշտամբանքի մեջ ճշմարտություն կա, իսկապես պատերազմը մարդկության պատմության ամենաանհեթեթ և անիմաստ դրսևորումներից մեկն է։ Մարդկային գիտակցության մեջ անարդարության ծայրահեղացումը հասել է այնտեղ, որ զոհը լեգիտիմ է, իսկ սպանողը՝ հերոս։
Բայց, անկախ մեր բարոյական և մարդասիրական ընկալումներից, պատերազմը՝ որպես գործընթաց, եղել է, կա ու դեռ երկար ժամանակ լինելու է։ Նույնիսկ հեռահար ապագայում մարդկությունը ի վիճակի չի լինելու ազատագրվել այդ արատից։ Ասվածից հետևում է, որ եթե առաջնորդվում ենք իրատեսությամբ, այլ ոչ թե ուտոպիայով, ապա պարտավոր ենք առաջնային պլան մղել բանակի և տաղանդավոր զորահրամանատարների գաղափարները։ Եվ ոչ թե զուտ հաղթելու և ուրիշներին մահ պատճառելու համար, այլ սեփական զինվորների կյանքերը փրկելու։ Մաթեմատիկական անհերքելի փաստ է, որքան գրագետ ու պրոֆեսիոնալ է հրամանատարը, այնքան քիչ են զոհերն ու կորուստները։ Հենց սա էր վերջին պատերազմում մեր ջախջախման մեծագույն պատճառներից մեկը։ Պարզապես մեր տգիտությամբ ու անտաղանդությամբ անկարող էինք նույնիսկ պրոֆեսիոնալ նահանջ ապահովել։ Այդքան մեծ քանակության զոհերը մեր ռազմաքաղաքական բարձր հրամանատարության տգիտության հետևանքով են։
Բերենք ֆրանսիական Մեծ բանակի մարշալ Միշել Նեյի օրինակը։ Ֆրանսիացիները հավերժ երախտապարտ են մարշալին ոչ թե Ուլմի, Ֆրիդլանդի և Յենայի համար, այլ Ռուսաստանից ջախջախված ու ցրտահարված բանակի մնացորդները դուրս բերելու։ Բանակի հրամանատարների մի մասը և նույնիսկ մարշալ Մյուրատը փախել էին՝ անտեր թողնելով իրենց զինվորներին։ Իսկ Նեյը, մինչև վերջ մնալով, զինվորներին ողջ-առողջ դուրս է հանել այդ դժոխքից։ Ի սկզբանե որևէ մեկը չէր հավատում Նեյի վերադարձին, կարծում էին, թե զոհվել է։ Բայց նա վերադարձավ՝ ցնցելով ողջ Եվրոպան։ Նույնսիկ Նապոլեոնը, իմանալով այդ սխրանքի մասին, մարշալին տվել է հետևյալ ձևակերպումը՝ Le Brave des Braves, այսինքն՝ քաջերից ամենաքաջը։ Ի՞նչ եք կարծում, արդյոք Նեյը չէ՞ր կարող լքել Ռուսաստանը և ապաստանել ապահով Փարիզում։ Իհարկե կարող էր, բայց նա գերադասել է մնալ ու փրկել իր զորքին։
Մենք չենք կարող պատերազմը արմատախիլ անել մոլորակի վրայից, բայց եթե ուզում ենք զոհերի թիվը նվազեցնել, ապա պետք է գրագետ ու տաղանդավոր հրամանատարներ ստեղծենք ու արտադրենք։
Մարշալ Նեյը՝ գնդակահարության պահին»։

Մարշալ Նեյը՝ գնդակահարության պահին
Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր