ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
18:12, 02.08.2021
2886 | 2

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել կարող ենք միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը:

Պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը ամրացնելու, ներքաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելու հարցում ՀՀ նոր կառավարությունը մեծ անելիքներ ունի:

Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները հաջողելու են միջազգային հարաբերություններում ՀՀ դերի ու վարկի բարձրացման հարցում և շարունակելու են հետևողական ու արդյունավետ աշխատել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ էլ ավելի խորացնելով հարաբերությունները երկու հայկական հանրապետությունների միջև՝ հանուն մեր համազգային իղձերի իրականացման:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշված և այլ մեծ մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու ճանապարհին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր