ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին». Բայդենը շնորհավորել է Փաշինյանին
21:30, 04.08.2021 | mamul.am
5462 | 1

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից: «Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը:

Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:
ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,-Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: «Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու համար մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր