ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+18 °C
«Նման աղմուկ-աղաղակ մեկ էլ սոցիալական քարտերի ներդրման ժամանակ էր»․ Արթուր Սաքունց
23:12, 25.09.2021
4935 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «Անդրադարձ պատվաստումների թեմայի շուրջ մտահոգություններին
Գիտեք, որ սովորական ավտոմեքենան, ինքնաթիռը կամ երկաթուղային քարշիչ մեքենան հայտնաբերվել, ստեղծվել են բեռների, մարդկանց ավելի արագ, ավելի մեծ հեռավորությունների վրա տեղափոխելու նպատակով:
Ի տարբերություն, ասենք, սայլերի, կառքերի, ձիերի, ջորիների, ուղտերի և այլ մինչշարժիչային փոխադրամիջոցների, բնականաբար դրանք ավելի արդյունավետ են, թե՛ տնտեսական, թե՛ հարմարավետության և, թե՛ այլ առումներով:
Բայց կա մի հանգամանք, որ, ասենք, դուրս է մնում հանրային ուշադրությունից. շարժիչային փոխադրամիջոցները վթարվելու հատկություն ունեն ու դրանից նաև մարդիկ են զոհվում:
Ի դեպ, գուցե համեմատաբար թվով քիչ դեպքերում, բայց այսպես ասած, վթարվում էին նաև մինչշարժիչային փոխադրամիջոցները, և թեկուզ անհամեմատ քիչ թվով, բայց մարդիկ էլ էին մահանում այդ «վթարներից»:
Բայց բերված օրինակները ցայտուն վկայություն են գիտության, տեխնիկայի անընդհատ զարգացման, գյուտերի, սարքերի, տեխնիկական այլ միջոցների տեսքով:
Նմանապես նաև բժշկության բնագավառում տարբեր դեղամիջոցների, նյութերի, սարքավորումների ստեղծման տեսքով է արտահայտվում գիտական զարգացումները:
Հիմա, պատկերացրեք, որ բոլոր ժամանակներում էլ եղել են և հիմա էլ կան մարդկանց խմբեր, որոնք դեմ են եղել գիտական ու տեխնիկական զարգացման արդյունքների կիրառմանը, քանի որ դրանցից մարդիկ են մահանում...
Ու պատկերացրեք, քանի որ մեքենայից կարող է ու իսկապես մարդիկ են մահանում, ապա դեմ են հենց մեքենային, ինքնաթիռին և այլն:
Չէ՛, խնդիր չէ, դե՛մ եղիր ու մի՛ օգտվի ո՛չ մեքենայից, տրանսպորտային այլ միջոցներից ու ոտքով հասի, ասենք, Մոսկվա, կամ Թբիլիսի, բայց դեմ լինել ընդհանրապես մեքենային կամ ինքնաթիռի՞ն, դա արդեն թող օգտվողները որոշեն, լա՞վ:
Բայց օգտվողների հարցերը ոչ թե այդ դեմ լինողներին է վերաբերում, այլ այդ տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատուներին. Ձեր տրանսպորտային միջոցներից օգտվելու դեպքում հնարավոր խնդիրների կամ վնասների դեպքում փոխհատուցման ի՞նչ երաշխիքներ ունեք:
Ընդհանրապես դեմ հանդես եկողներին և երաշխիքներ պահանջողների ձայները խառնելն ու մեկտեղելով ընդունելն ու անդրադարձելը ազնիվ չէ, ավելին մանիպուլյատիվ է, և պատասխանատվությունից խուսափելու վարքագիծ է:
Հիշում եմ, մեկ էլ նման աղմուկ-աղաղակ էր սոցիալական քարտերի ներդրման ժամանակ․ հետաքրքիր է՝ այն բոլոր մտահոգների մտահոգությունները դեռ մնո՞ւմ են սոցիալական քարտերի հետ կապված, սատանայական ու չգիտեմ՝ էլ ինչ զահրումար թվերի հետ կապված, թե՞ անցավ-գնաց, ու այդ սատանայական թվերն արդեն ազդեցություն չունեն: Դե համարակալված լինելու վտանգների մասին էլ չեմ խոսում, երևի դրա դեմ էլ են իմունիտետ ձեռք բերել, իսկ մնացածները համարակալված ու անգիտակից դես ու դեն են գնում:
Այո, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում. ի տիշինա, ա վոկրուգ մյորտվիե ս կո՛սամի ստոյատ»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր