Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող։ Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել 18:15-ին: Տեղի ունեցածը հետաքննելու նպատակով ադրբեջանական կողմը դիմել է ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին։ Արցախի պաշտպանության նախարարությունն առայժմ չի արձագանքել ադրբեջանական կողմի պնդումներին։ Նախօրեին պաշտոնական Բաքուն հաղորդել էր Ղարաբաղում ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին, ինչն Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել էր` լուրը որակելով ապատեղեկատվություն, որը «նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»: |