ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուղղակի ապշում ես զինվորների պատմածից». Տիգրան Արզաքանցյան
09:42, 15.10.2021 | mamul.am
5695 | 0

Գործարար, «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես հաճախակի եմ այցելում մեր սահմաններ, զրուցում զինվորների հետ: Ուղղակի ապշում ես, երբ նրանք պատմում են, թե ինչպես ադրբեջանցիները կարող են անարգել մտնել մեր տարածքները, փորձել այն զավթել և նույնիսկ լկտիաբար գերի վերցնել մեր զինվորներին: Այդ հարցերը պահանջում են անհապաղ լուծում:
Մենք պետք է առաջին հերթին վերականգնենք մեր սահմանների անվտանգությունը, ինչը պահանջում է զգալի ներդրումներ: Իսկ ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ զարգանա և հզորանա մեր տնտեսությունը: Դա շատ կարևոր հարց է, առանց սահմանների անվտանգության ապահովման չի կարող գոյատևել որևէ պետություն»:
Այսօր Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և միջազգային բոլոր հարթակներում դիվանագիտական պայքար ծավալի` բարեկամ պետությունների կողմից Արցախի ճանաչման համար: Պետք է վերագործակցենք Մինսկի խմբի եռանախագահության աշխատանքները` հասնելով հակամարտության կարգավորման նոր մակարդակի: Անցած 44-օրյա պատերազմը ընթացավ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ, երեկ տեղի ունեցածը կատարվեց խաղաղապահների ներկայությամբ։ Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք պետք է միջազգային բոլոր հարթակներում գործենք Արցախի տարածքների դեօկուպացիայի եւ Ադրբեջանին միջազգային հանցագործ ճանաչելու ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ անընդունելի է զբաղվել սահմանների ապաշրջափակման խնդրի լուծումով, երբ հարեւան պետությունները` Ադրբեջանը և Թուրքիան թշնամաբար են վերաբերվում մեզ: Ինչպե՞ս կարելի է ապաշրջափակել ճանապարհները եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել այն երկրի հետ, որը ներխուժել է մեր ինքնիշխան երկրի տարածք` զավթելով այն, և չի ուզում դուրս գալ:
Միայն այն ժամանակ կզբաղվենք ապաշրջափակումով, երբ հարգեն մեր պետությունը և մեր իշխանությանը:
Իսկ այս ամենին պետք է հասնենք որքան հնարավոր է արագ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր