ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ծառայողը գործել է իրավաչափ. Ոստիկանության պարզաբանումը
19:00, 25.10.2021 | mamul.am
4195 | 0

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Համացանցում «Միջադեպ Երևանում. դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար» վերտառությամբ հոդված և տեսանյութ է տարածվել։ Պարեկային ծառայության ոստիկանը կանգնեցրել է ուղևոր տեղափոխող տաքսու վարորդին, որը մեքենան վարել է չամրակապված և առանց դիմակի։ Համացանցում տարածված տեսանյութում արձանագրված է, որ վարորդը չի ներկայացնում փաստաթղթերը և հայտարարում է, թե ոստիկանները չեն կրում դիմակ: Նշվածի կապակցությամբ հայտնենք, որ պարեկային ծառայողը գործել է իրավաչափ և առաջնորդվել է ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ, ինչպես և ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն և 23-Ն հրամանների պահանջներով։ Այսինքն, դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում և ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում։ Բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ։

Հավելենք նաև, որ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն՝ չամրակապված վիճակում և առանց դիմակի մեքենա վարելու համար։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության և հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախագահի մոտ տեղի ունեցած ընդունելությանը գրեթե ոչ ոք, այդ թվում՝ Առողջապահության նախարարը, դիմակ չեն կրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր