ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+4 °C, +4 °C ... +15 °C Վաղը`+18 °C
«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելի քան 91.000 քաղաքացի տարհանվեց Հայաստան, ավելի քան 40.000 մարդ զրկված է իր տնից». Դ․ Խաժակյան
11:42, 27.10.2021
1380 | 0

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանի ելույթը՝ 2021 թվականի Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների իրավունքների վերաբերյալ. «Հարգելի՛ գործընկերներ, քննակում ենք քաղաքների և տարածքաշրջանների առջև ծառացած մարտահրավերները, որոնք ծագել են ներքին տեղահանված անձանց քանակի աճով, և պետք է նշեմ, որ այդ մարտահրավերները պայմանավորված են ոչ միայն տնտեսական գործոններով, աղետներով կամ Եվրոպայի սահմաններից դուրս եղած կոնֆլիկտներով, այլ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետության կողմից իրականացվող թշնամական գործողություններով։

Շուրջ մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ, սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, արհամարհեց Եվրոպայի խորհրդրի առջև ստանձնած պարտավորությունները և զարհուրելի հանցանքներ գործեց քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ առաջացնելով երկարատև հումանիտար հետևանքներ։

Այդ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91.000 քաղաքացի տարհանվեց Հայաստան, որոնց 88%-ը կանայք և երեխաներ էին։ Ավելի քան 40.000 մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ իրենց գյուղերն ու քաղաքները ներկայումս օկուպացված են Ադրբեջանական զինուժի կողմից։

Ագրեսիայի առաջին իսկ օրվանից Արցախի և Հայաստանի կառավարությունները մշակեցին սոցիալական աջակցության հրատապ ծրագրեր, որոնք միտված էին լուծելու մարդկանց առաջնային սոցիալական խնդիրները։

Մեծ ջանք գործադրեցին նաև տեղական և տարածքային իշխանությունները, որոնք իրականացրեցին բազմաթիվ աջակցության ծրագրեր՝ օժանդակելով Արցախից տեղահանված բնակչությանը։

Չնայած գործադրված ջանքերին, տեղահանված բնակչությունը դեռ մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից, պաշտպանությունց և ակնկալում է այդ խնդիրների երկարատև լուծումներ։

Եվրոպայի խորհրդի հիմնադրույթները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է վերաբերեն բոլորին առանց որևէ խտրականության։

Ցավոք այս պարագայում դա այդպես չէ, քանի որ Արցախի ժողովրդի իրավունքները խախտված են։ Անվտանգության խորը մտահոգությունները, հայ ժողովրդի նկատմամբ բարձր մակարդակում հնչող ատելության խոսքը, ինչպես նաև հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին արձակելուց հրաժարումը սպառում են բարիդրացիության հաստատման և երկարատև խաղաղության հնարավորությունները տարածաշրջանում, ինչը թույլ կտար ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձն իրենց տներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր