ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.49, EUR 550.01, RUB 6.30, GBP 658.63
-9 °C, -13 °C ... -6 °C Վաղը`-2 °C
«Մոսկվայի համար խիստ անցանկալի է Վրաստանի հետ երկկողմ բանակցային ձևաչափը ռեգիոնալով փոխելը». Հակոբ Բադալյան
15:18, 29.11.2021
1460 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Սոչիի հանդիպման վերաբերյալ հնչում են ամենատարբեր կարծիքներ ու գնահատականներ, ինչը միանգամայն բնական է: Բայց, ցավոք սրտի, մեծ մասամբ այդ ամենը գտնվում է կա՛մ «հիստերիայի», կա՛մ հանրության «ականջներից լապշա կախ տալու» տրամաբանության մեջ:

Իսկ, օրինակ, համեմատությունը կամ, այսպես ասած, հակադրությունը բրյուսելյան հանդիպման հետ, ներեցեք, բայց ուղղակի ծիծաղելի է: Ցավոք, մեզանում քաղաքականության գնահատման ելակետերը հասցվել են մոտավորապես մարզական երկրպագության տրամաբանության, էն դեպքում, երբ ծավալվում են իսկապես բարդ ու բազմավեկտոր գործընթացներ:

Սոչիի հանդիպումն իր վրա կրում է թերևս դրանց ազդեցությունը: Աշխաբադում հանդիպում են Էրդողանն ու Ռեյիսին: ՄԻնչդեռ, Չավուշողլուի Իրան կատարած այցից հետո կարծես թե որևէ խոսք չկար, որ հնարավոր է այդպիսի հանդիպում Աշխաբադում: Խոսվել էր Էրդողանի Իրան այցի մասին, այն էլ հավանաբար տարեվերջին: Բայց, Աշխաբադի հանդիպման անհրաժեշտություն առաջացրել է Սոչին: Ընդ որում՝ հարկավոր է նկատել, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ռեյիսին այդ հանդիպմանը խոսել են 3+3-ի մասին, որ ռեգիոնալ հարցերը պետք է լուծել ռեգիոնալ ձևաչափով:

Ինչո՞ւ են Սոչիից հետո հանդիպում և շեշտում 3+3-ը: Թերևս այն պատճառով, որ Սոչին դիտում են մարտահրավեր՝ առնվազն Ռուսաստանի առանձին աշխարհաքաղաքական խաղի տեսքով: Ավելին, ըստ ամենայնի, նկատել են այդ խաղի որոշակի արդյունավետություն: Իսկ դա թերևս համարում են անխուսափելի, եթե Ռուսաստանը չունենա որոշակի աջակցություն Մինսկի խմբի համանախագահներից:

Ավելին, այստեղ պետք է ուշադրություն դարձնել մի հանգամանք էլ: Սոչիից առաջ տեղի ունեցավ Վրաստանի և ՌԴ բանակցողների՝ Աբաշիձեի և Կարասինի հանդիպում, որից հետո Աբաշիձեն դարձյալ հայտարարեց, որ չեն մասնակցի 3+3-ին: Կրկնում եմ կարծիքս, որ հրապարակայնորեն դեմ չլինելով 3+3-ին, գործնականում Ռուսաստանը շահագրգռված չէ այդ ձևաչափով, մի շարք պատճառներով: Վրաստանն այդ պարագայում Ռուսաստանի համար ցանկալի արգելք է: Երբ խոսքը Հայաստանի մասին է, Մոսկվայի համար շատ բարդ է, օրինակ, ասել թուրքերին ու իրանցիներին, որ Հայաստանը չի համաձայնում: Կասեն՝ ճնշման հազար մեխանիզմ ունես, փորձիր:

Երբ խոսքը Վրաստանի մասին է, այստեղ Ռուսաստանն ազատ է պատասխանատվությունից: Միաժամանակ, Մոսկվայի համար խիստ անցանկալի է Վրաստանի հետ երկկողմ բանակցային ձևաչափը ռեգիոնալով փոխելը: Նույնը նաև Թբիլիսիի համար: Ռուսների համար նախընտրելի է ինչպես արցախյան, այդպես էլ վրացական հարցը քննարկել ԱՄՆ, այսինքն՝ ավելի բարձր տրամաչափի հետ, դրանով իսկ բարձրացնելով իրենց տրամաչափը:

Հավանաբար հենց դրա համար էլ Սոչիից հետո Էրդողանն ու Ռեյիսին, ըստ էության, հրատապ հանդիպում են Աշխաբադում՝ երեսուն րոպե տևողությամբ, և խոսում ռեգիոնալ հարցերը ռեգիոնալ ձևաչափով լուծելու անհրաժեշտության մասին: Եվ, ուշադրություն՝ կնքվում է թուրքմենական գազը Իրանի տարածքով սվոփ եղանակով Ադրբեջան մատակարարելու համաձայնություն, ինչը, իհարկե, բոլորովին դուրեկան չի լինելու Ռուսաստանի համար, փոխարենը իր տողատակում որոշակի առաջարկ է պարունակում Արևմուտքին»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր