ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.57, EUR 540.24, RUB 6.13, GBP 647.95
0 °C, -6 °C ... 0 °C Վաղը`-1 °C
Հոգեբուժարանի բուժաշխատողներ են կալանավորվել
22:36, 30.11.2021
3590 | 0

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով, 269.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախնական քննությամբ հիմնավորվել է, որ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով, 2021թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը:

Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր:

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաև նշանակվել է մասնագիտական ստուգում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին և նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր այս գործընթացներում ներգրավված այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այլոց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր