ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.26, EUR 544.28, RUB 6.14, GBP 650.09
-4 °C, -5 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«Նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը». ԱՀ ԱԳՆ
18:48, 03.12.2021
6184 | 0

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։

Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Դրա ապացույցներից է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։

Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։

Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։

Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել սադրանքների և ևս մեկ անգամ հայտարարում, որ Արցախը եղել է, կա և կմնա հայկական. ոչինչ չի կարող խարխլել մեր կամքն ու հայրենիքում ապրելու հաստատակամությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր