ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+15 °C
Մակրոնը հայկական լսարանին հայերեն է սիրաշահում, ադրբեջանականին՝ ադրբեջաներեն
21:30, 16.12.2021 | mamul.am
6666 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում ադրբեջաներենով գրառում էր կատարել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ ունեցած հանդիպումից հետո։

«Մենք պետք է ուղիներ գտնենք կայուն խաղաղության համար։ Երեկ երեկոյան մենք առաջ շարժվեցինք այս ուղղությամբ՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»,- ասված է գրառման մեջ։ Գրառմանը կցել է Ալիևի հետ լուսանկար:

Մակրոնի ադրբեջաներեն գրառումը

Մակրոնի այս գրառումը, սակայն, տեսանելի չէ հայկական լսարանի համար: Ադրբեջաներեն գրառման կարգավորումներն արված են այնպես, որ դրա տարածման հասանելիությունը լինի միայն Ադրբեջանը:

Փոխարենը հայկական լսարանին տեսանելի է մեկ այլ, արդեն՝ հայերեն գրառում, որտեղ Մակրոնը սիրաշահում է այս անգամ Հայաստանին. «Մենք երբեք չենք լքի հայերին։ Մշտապես փնտրելու ենք տևական խաղաղությանն ուղղված լուծումներ։ Կոչ եմ անում, որ տոնական շրջանը լինի մարդասիրական առաջընթացների և հաշտության շրջան»: Գրառմանը կցել է տեսանյութ՝ Փաշինյանին ողջունելու արարողությունից:

Մակրոնի հայերեն գրառումը

Հատկանշական է, որ Մակրոնի վերջին գրառումը, որը եռալեզու է՝ ֆրանսերեն, հայերեն և ադրբեջաներեն, հրապարակային է՝ հասանելի է բոլորին: «Arménie, Azerbaïdjan, ensemble.
Հայաստան, Ադրբեջան, միասին:
Ermənistan, Azərbaycan, birlikdə»,- գրառել է Ֆրանսիայի նախագահը՝ կցելով Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման լուսանկարը:

Մակրոնի եռալեզու գրառումը

Հավելենք, որ MAMUL.am-ի հավաստի տեղեկություններով, Արցախի տարածքում հասանելի են Մակրոնի միայն ադրբեջաներեն գրառումները, իսկ հայերեն գրառումները՝ ոչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր