ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+13 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում
18:36, 20.01.2022 | mamul.am
1626 | 0

Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանն առնչվող դրույթներում մի շարք կարևոր խմբագրումներ են արվել: Փոխվել է տարակարգի սահմանումը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափանիշների հետ: Առաջարկվում է փոխել տարակարգի և ատեստավորման գործող մեխանիզմները: Դպրոցից դպրոց տեղափոխվելու դեպքում ուսուցիչը կկարողանա պահպանել տարակարգի իրավունքը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով, ըստ լրամշակված նախագծի` որակավորման տարակարգի դիմելու իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում և հավաքել անցողիկ միավորներ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ, որի դրույքաչափը գործող 108.800 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել մոտ 200.000 ՀՀ դրամ: Տարակարգի հավելավճարը կհաշվարկվի այս դրույքաչափի նկատմամբ:

«Կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է: Եթե կա վստահություն, որ ուսուցիչն ունի բավարար մասնագիտական գիտելիքներ, որը նվազագույն պայման է, ապա դրանից հետո միայն կարելի է խոսել նրա մանկավարժական այլ հմտությունների մասին: Հետևաբար, տրամաբանական ենք համարում, որ տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչն անցնի նաև կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ տարակարգի և կամավոր ատեստավորման նախատեսվող մեխանիզմներն ուսուցչին մինչև 400 հազար դրամ աշխատավարձ ստանալու հնարավորություն կընձեռեն:

Հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների

Համընդհանուր ներառականության ուղղությամբ կատարված ամենամեծ փոփոխությունն այն է, որ կրթության առանձնահատուկ կարիք է դիտարկվել ոչ միայն սահմանափակ կարողություններ և դժվարություններ ունեցողների, այլև բարձր ընդունակությամբ երեխաների կրթության կազմակերպումը: Ըստ Ժաննա Անդրեասյանի` ներկայում գործող էքստեռնի կարգը հնարավորություն է տալիս բարձր ընդունակությամբ երեխաների ուսուցումը կազմակերպելու թռիչքային եղանակով, սակայն իրավական գործիքակազմի հստակեցումների անհրաժեշտություն կար: Օրենքի նախագծից հանվել է «հակասոցիալական վարք» հասկացությունը, փոխարենը ներմուծվել է նոր գաղափար, ըստ որի՝ դեռևս պահպանվող հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների: Կփոխվի նաև ֆինանսավորման մոդելը. յուրաքանչյուր դպրոց փոփոխված հաստիքացուցակով կստանա համապատասխան կադրային ներուժ` մասնագիտական աջակցության համար, ինչպես նաև կապահովվի միջավայրի հարմարեցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր