ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 455.73, EUR 486.58, RUB 7.89, GBP 573.35
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Հայկական տառեր՝ աշխարհի խոշորագույն որմնանկարի վրա». Խաժակ Սիրեկանյան
01:30, 21.01.2022 | mamul.am
6285 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական տառեր՝ աշխարհի խոշորագույն որմնանկարի վրա
Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հայտնի որմնանկարը, որը համարվում է ամենախոշորն աշխարհում, զարդարում է Գերմանիայի միջնադարյան Վյուրցբուրգ քաղաքի բավարական եպիսկոպոսների պալատի
նախասրահը, որն, ընդհանուր առմամբ, ունի 677 քմ տարածք:
Առասպելական արարածներ, հնագույն աստվածներ, պատմական այլ էկզոտիկ կերպարներ. այս ամենի շարքում իր յուրահատուկ տեղն են զբաղեցրել նաև հայկական տառերը: Այս որմնանկարի վրա արված
գրեթե բոլոր ֆիգուրների սիմվոլիկ նշանակությունը հասկանալի է:
Առավել հետաքրքրական պետք է որ լինի ծերունին, որն իր մի ձեռքում ջահ, իսկ մյուսում գրիչն է պահում, նստած է տառերի պատկերներով սալիկի վրա, որը դժվար թե հայտնիություն ձեռք բերած լիներ Եվրոպայում: Հայկական այբուբենին ծանոթ յուրաքանչյուր ոք առանց որևէ դժվարության կնկատի
հայատառերը:
Ինչպե՞ս են այդ տառերը հայտնվել նման հայտնի որմնանկարի վրա: Ի՞նչ կապ ունի դրանց հետ ծերունին: Եվ վերջապես, ի՞նչ է խորհրդանշում այս կոմպոզիցիան:
Ամենայն հավանականությամբ, այս հարցերին պատասխաններ տալ փորձել են շատերը, սակայն որմնանկարի ստեղծումից միայն երկու հարյուր տարի անց են գերմանացի գիտնականները խոսել դրանում հայկական տառերի գոյության մասին:
Պարզվում է, որ նկարիչը՝ Տյեպոլոն, անմիջական կապ ունի տառերի հետ: Բանն այն է, որ XVIII դարի քառասունական թվականներին նրա ամենասիրելի աշակերտը՝ Ֆրանչեսկո Ջունիոն, որոշ ժամանակ անցկացնելով Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, զբաղվել է հայ եկեղեցու սուրբ հայրերի դիմանկարների պատկերմամբ: Այդ ընթացքում նա ստեղծել է նաև Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորին մկրտելու տեսարանը, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի՝ հայկական այբուբենով նկարը:
Ըստ գերմանացի գիտնականների՝ հավանական է նաև այն վարկածը, որ ջահով ու գրչով ծերունին Մեսրոպ Մաշտոցն է՝ հայ գրերի գյուտի հեղինակը: Ինչ վերաբերում է ինքնին տառերին, ապա հարկ է նշել, որ Տյեպոլոյի որմնանկարի վրա դրանք 43-ն են՝ 7-ով ավելի, քան Մաշտոցի տառերն են: Դրանցից մի քանիսն անգամ անավարտ են, նմանվում են նույնահնչյուն լատինական կամ հունական տառերին:
Պատկերելով հայկական գրերն ու դրանց ստեղծողին՝ Տյեպոլոն միգուցե ցանկացել է հանրությանը ներկայացնել աշխարհում առաջին քրիստոնեությունն ընդունած ժողովրդին: Իսկ տառերում ինչ-որ գաղտնի հաղորդագրություն է թաքնված, որը, սակայն, մինչ օրս բացահայտված չէ»:

Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հայտնի որմնանկարը, որը համարվում է ամենախոշորն աշխարհում
Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հայտնի որմնանկարը, որը համարվում է ամենախոշորն աշխարհում
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր