«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Հիշեցնենք, որ հայրենի իրավապահները Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել արդեն շուրջ 2 տարի, և, ահա, նրան հրավիրում են Կրեմլ: Ստացվում է՝ Կոստանյանը, չունենալով որևէ պաշտոն, ունի նույնքան հեղինակություն, որքան ՀՀ գործող գլխավոր դատախազը: Այս իրողությունը ուշագրավ է ոչ միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ից ընդամենը երկու դատախազներ են մասնակցել իրավապահ այդ կառույցի հիմնադրման 300-ամյակին, այլ այն, որ Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում ոչ մի օր չի եղել հետախուզման մեջ. Մոսկվան հրաժարվել է հետախուզել նրան: Հիշեցնենք՝ միջազգային քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը, ևս հրաժարվել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ՝ հարուցված քրգործի նյութերը համարելով անհիմն: Փաստորեն, և՛ ՌԴ-ն և՛ Ինտերպոլը համարել են Կոստանյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում»: Մանրամասները՝ թերթի համարում: |