ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայկական սփյուռքը և հայկական պետականությունը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ». Բաբաջանյան
13:24, 15.05.2022 | mamul.am
3572 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Ո՞րն է ի վերջո Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նպատակը, կա՞ մտքի, գաղափարի հորիզոն, թռիչք այդ հարաբերությունները պատկերացնողների մտքում։ Արդյո՞ք մերկապարանոց հայտարարությունների փոխարեն առարկայական չի լինի ուղղակի նպատակների, կամ ավելի շուտ նախագծերի կոնկրետ հռչակումը:
Օրինակ՝ հավաքական Սփյուռքը, կամ նրանք, ովքեր հանդես են գալիս նրա անունից, սահմանում են նպատակ, ենթադրենք՝ առաջիկա հինգ տարում ներդնել հնարավոր և անհնար բոլոր ջանքերը կապի ու հեռազգա դիտողական արբայակների մեջ, մասնակի լուծել Հայաստանի էներգետիկ ինքնաբավության խնդիրը, կառուցել ամենաժամանակակից ճանապարհներն ու հաղորդակցության միջոցները, ունենալ գիտության, տնտեսության, արտադրության ու քաղաքականության ֆունկցիոնալ շղթա։ Սրանք Հայաստանի և հայության համար առաջնահերթություններ են, անկախ նրանից՝ պատերազմ է, թե խաղաղություն։
Կարո՞ղ էր արդյոք լինել համայն աշխարհին ուղղված, նաև համայն հայությանն ուղղված առավել ազդեցիկ, առավել գործնական, առավել համոզիչ ուղերձ, քան այդօրինակ նպատակի հռչակումը՝ երկարաշունչ հայտարարությունների և «կենացների» փոխարեն:
Մյուս կողմից, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շատ կոնկրետ նախագծային որևէ նպատակադրումը կլիներ աշխարհին և հայությանն ուղղված առավել համոզիչ և առավել խոսուն, առարկայական ուղերձ, բայց որ ամենակարևորն է կլիներ նաև առավել պատասխանատու, շատ լուրջ պատասխանատվություն ենթադրող ուղերձ:
Իսկ ահա հայտարարությունները, Հայաստանի ու Արցախի փրկության մասին կենացները, ամենևին չեն ենթադրում պատասխանատվություն և չունեն կոնկրետ չափման սանդղակներ:
Մինչդեռ Հայաստանը որպես պետություն և որպես համահայկական կենտրոն ներկայումս կանգնած է այնպիսի մարտահրավերների և կարիքների բազմության առաջ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համար, մեղմ ասած, դժվարություն չէր ներկայացնի գտնել գոնե երեք կոնկրետ խնդիր, դրանց լուծումը նպատակ հռչակելու և այդ նպատակի համար պատասխանատվություն ստանձնելու առումով:
Հայկական սփյուռքը և հայկական պետականությունը կանգնած են նոր ժամանակի լրջագույն մարտահրավերների առաջ, այդ թվում նաև «ադրբեջանական սփյուռքի»: Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու սփյուռքյան ուժերը, այդ թվում եկեղեցին՝ Ամենայն հայոց և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունները, կուսակցությունները չեն կարողանալու գալ որոշակի ընդհանուր հայտարարի և հակազդեցության ռազմավարության մշակման՝ Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունների պատճառով, ապա դրա հետևանքի պատասխանատուն ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունն է, այլ գործնականում հավաքական սփյուռքը՝ քաղաքական և եկեղեցական հարանվանություններն և սրանց ուղեկցող մնացյալ մարմինները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր