ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Մենք ունե՛նք Բերձորը փրկելու հնարավորություն». Հոխիկյան
19:12, 16.05.2022 | mamul.am
4204 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի իշխանությունը 2022-ին՝ առաջիկա ամիսներին, Ադրբեջանին է հանձնելու Բերձոր (Լաչին) քաղաքը։
Սա լինելու է 2022-ի մեծագույն կորուստը, որը հարվածելու է ինչպես Արցախի անվտանգությանը, այնպես էլ Սյունիքի մարզի Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ բնակավայրերին։
Եթե չկանխենք այս աղետը, ապա դոմինոյի էֆեկտով դա սկիզբ է դնելու մեր պետականության կորստին։ Իսկ մենք ունե՛նք Բերձորը փրկելու հնարավորություն։ Բնակիչների թիվը պետք է հասցնել 700-1000-ի, որպեսզի կարողանանք պահել քաղաքը։ Ռուսական կողմը աջակցում է այս տարբերակին, սակայն հայկական իշխանությունը դեռևս որևէ քայլ չի անում՝ Բերձորը պահելու՝ միաժամանակ փափուկ բարձ դնելով, թե որևէ քննարկում այդ մասին չկա։ Իրականում մի քանի ամիս անց մեզ կանգնեցնելու են փաստի առաջ, եթե հիմա չկանխենք Բերձորի հանձնումը։
Մենք կարողացել ենք գտնել հնարավորություն՝ Բերձոր տեղափոխվող յուրաքանչյուր ընտանիքին տալու կահույք, կենցաղային իրեր և ընտանի կենդանիներ, նորոգել տները։
Ընդամենը 700 մարդ, այսինքն՝ մոտ 150 ընտանիք, և Բերձորը կշարունակի մնալ հայկական։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակադարձում է, թե 2020-ի նոյեմբերի հայտարարության մեջ նշված է Բերձորը հանձնելու մասին։ ՍՈՒՏ Է։
Այդ հայտարարության 6-րդ կետում ընդամենը խոսվում է Լաչինի միջանցքի ուղղությունը փոխելու նպատակահարմարության մասին։ Բայց Լաչինի միջանցք փոխելն անգամ չի նշանակում Բերձորը հանձնել։ Դա Ադրբեջանի ցանկությունն է, որին կողմ է արտահայտվել Հայաստանի իշխանությունը՝ առանց հասկանալու (կամ հասկանալով), որ Բերձորը թիվ 1 ռազմավարական կարևորություն ունի Հայաստան-Արցախ կապի համար։
Այսպիսով՝ ֆիքսեք, որ 2022-ի օգոստոսից սկսած՝ կորցնելու ենք Բերձորը։ Պետք է կանխենք դա»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր