ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ընդդիմության հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկին մեղադրանք է առաջադրվել
21:30, 23.05.2022 | mamul.am
2060 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:

Քննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում վերջիններս, մի խումբ անձանց հետ, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բռնություն գործադրած երկրորդ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ընդդիմության հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկին մեղադրանք է առաջադրվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր