Նեպալյան Tara Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վթարի մոտավոր վայրը հայտնաբերել են Նեպալի իշխանությունները, հայտնում է Reuters-ը։ Նշենք, որ ինքնաթիռն անհետացել էր թռիչքից անմիջապես հետո: Տեղի պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Մանապատի լեռան ստորոտին մոտ գտնվող գյուղի բնակիչները Լյանկու Խոլա գետի ակունքի մոտ այրվող ինքնաթիռ են տեսել։ Փրկարարներն արդեն մեկնել են այնտեղ։ Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչությունը մասնագետներ է ուղարկել ենթադրյալ կործանման վայր, սակայն նրանք հայտնել են, որ որոնողական աշխատանքները խոչընդոտվել են մառախուղի և դժվարանցանելի տեղանքի պատճառով։ Ուստի, դեռևս հստակություն չկա, որ հենց այնտեղ է կործանվել ինքնաթիռը։ Պոխարա քաղաքից օդ բարձրացած և մի քանի րոպե անց անհետացած ինքնաթիռում եղել են Հնդկաստանի, Նեպալի և Գերմանիայի քաղաքացիներ՝ 19 ուղևոր և անձնակազմի 3 անդամ։ |