Հոլանդական գազային թրեյդեր GasTerra-ն չի կատարի ռուսական «Գազպրոմի» պահանջները՝ անցնելու վառելիքի վճարման նոր սխեմայի, ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ռուսական գազը ռուբլով գնելու նոր պայմանները կարող են հանգեցնել Եվրոմիության կողմից սահմանված պատժամիջոցների խախտման, բացի այդ, «չափազանց շատ ֆինանսական և գործառնական ռիսկեր կան՝ կապված վճարման պահանջվող տարբերակի հետ»,- ասել է GasTerra-ն։ Ընկերության կարծիքով՝ ռուսական բանկում հաշիվներ բացելը և «ռուսական ռեժիմի կողմից դրանց նկատմամբ վերահսկողությունը» չափազանց մեծ ռիսկ է պարունակում։ GasTerra-ն հայտնել է, որ ի պատասխան՝ Գազպրոմը հայտարարել է մատակարարումների դադարեցման մասին։ «Սա նշանակում է, որ այս պահից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ պայմանագրի ժամկետի ավարտը, գնորդը չի ստանա մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ»,- ասված է հաղորդագրությունում։ Հոլանդական ընկերությունից հայտնել են, որ պատրաստ են դրան: |