Իտալիան կկարողանա գոյատևել գալիք ձմռանն առանց Ռուսաստանի գազի, եթե վառելիքի մատակարարումները դադարեցվեն։ Այսպիսի հայտարարություն է արել իտալական Eni էներգետիկ ընկերության ղեկավար Կլաուդիո Դեսկալցին։ Նրա խոսքով՝ երկիրը պատրաստ չէր լինի այդ իրավիճակին, եթե Մոսկվան հիմա դադարեցներ մատակարարումները: Սակայն 2022-2023 թվականների աշուն-ձմեռ ժամանակահատվածին Իտալիան արդեն պատրաստված կլինի։ «Մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում։ Հնարավոր է, որ Իտալիայում բարձր տագնապի վիճակ և որոշ սահմանափակումներ մտցվեն»,- Դեսկալցիի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։ Էներգետիկ ընկերության ղեկավարն ընդգծել է, որ այս պահին երկրում պաշարների մակարդակը կազմում է 54 տոկոս։ Մինչև հոկտեմբեր Իտալիան պետք է 70-80%-ով լրացնի պահեստը։ Տեղական կառավարությունը, ասել է Դեսկալցին, քայլեր է ձեռնարկում ձմեռը հաղթահարելու համար: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Գազպրոմը» Eni նավթագազային խմբին մատակարարելու է իտալական կողմի պատվիրած գազի միայն 65%-ը։ |