ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 7-ին հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Ընդգծել ենք երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել ենք երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտել ենք Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր ենք գնահատել կողմերի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Խոսել եմ տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, ինչի շրջանակներում Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը: Պայմանավորվել ենք երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին»: |