Համացանցում հայտնվել են երկու երկնաքերերի լուսանկարներ, որոնք Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախատեսում են կառուցել։ Դրանք կոչվում են «Հայելային գիծ», որը տարաբնույթ տեղանքով ձգվելու է 75 մղոն և կարժենա մեկ տրիլիոն դոլար՝ Ինդոնեզիայի ՀՆԱ-ի չափ։ Կառույցի պլանավորման գաղտնի փաստաթղթերը հայտնվել են արևմտյան մամուլում: Երկնաքերերը, որոնց պատերը հայելային կլինեն, կտրելու են լեռներն ու անապատը, ձգվելու են դեպի ափ ու իջնելու են դեպի ջուրը։ Մինչև հինգ միլիոն մարդ կապրի երկնաքերերում. ծրագիրը ներառում է երկաթուղու, սպորտային մարզադաշտի և նավահանգստի կառուցում։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը ճարտարապետներին հանձնարարել է ստեղծել Mirror Line նախագիծը: Նա ցանկանում է ինչ-որ բան կառուցել եգիպտական բուրգերի մասշտաբով։ Ֆուտուրիստական Neom համալիրը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին և ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի չափերով, երկար տարիներ մշակվել է: Դրանում ցանկանում են արհեստական անձրև և կեղծ լուսիններ, ռոբոտ սպասուհիներ և հոլոգրաֆիկ ուսուցիչներ ստեղծել։ Սաուդյան Արաբիան հույս ուներ գրավել արևմտյան ներդրողներին այն կառուցելու համար, սակայն ԱՄՆ-ի հետ լարվածությունը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով խափանեց այդ ծրագրերը: |