Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակի մարտահրավերը՝ ի՞նչ առաջնահերթ քայլեր են անհրաժեշտ հայկական վթարված և արգելակները թուլացած պետականության գնացքի անվտանգ ընթացքը վերականգնելու համար: Ա. Գնացքից թռչելն այսօր չի օգնի. սա պետք է գիտակցի ողջ ազգը, հատկապես իշխանության տարբեր օղակներում գտվողները: Առանձին-առանձին փրկվել ոչ ոքի չի հաջողվի, սին հույսեր են, այս օրերին աջ ու ահյակ Պոնտոս Պիղատոսի նախադեպով իրավիճակի իրենց բաժին պատասխանատվությունից ձեռքերը լվացողներին նույն կործանումն ու դժոխքն է սպասում, հակառակորդը գրկաբաց և ներողամիտ չի լինելու, ինչպես և անխուսափելի ճակատագիրը: Բ.Կայունացումն ու ելքը, պետության ինքնիշխանության, այսինքն՝ քաղաքացիների կյանքի անվտանգությունը, հայրենի հողի վրա մեր բաժին արեգակի լույսերի ներքո ապրելու իրավունքը 100 կամ անգամ տասնյակ հազարները չեն բերելու՝ հրապարակները լցված: Մովսեսը Աստուծո հետ երկար ընդդիմախոսելուց հետո համախոհների մի փոքր խմբով հրեից ազգին ազատեց գերության և անելանելիության անապատից: Հիսուս Նազովրեցին իր 12 աշակերտների հետ քրիստոնեության լույսը՝ «Սիրեցէք զմիմեանս» կարգախոսով տարածեց աշխարհում: Գարեգին Նժդեհը Լեռնահայաստանը փոքրաթիվ, բայց երդվյալ գաղափարակիցներով կայացրեց: Եվ ուստի պետք է գտնենք համախոհության և գործունակության մեր հարթակը, պայմանավորվենք, փոքր խմբերով՝ գրագետ և առողջ պահպանողականության ոգով, հույսներս մեզ վրա դրած՝ առանց ավելորդ և ինքնաոչնչացնող անհանդուրժողականության, դա միայն խանգարելու է: Անելանելի իրավիճակներ չկան, կան այդ իրավիճակի միակողմանի գնահատականներ: Բարդ է անգամ փոքր համախմբումը, բայց այլընտրանք չկա՝ մեր սխալներից դասեր է պետք քաղել, ոչ թե նզովել, վհատվել ու հանձնվել: Փոքրամասնությունն է բացում ճանապարհը, որով հետո մեծամասնությունը հանգիստ առաջ կգնա»: |