Հայ-Գերմանական վերաինտեգրման միությունը հայտարարություն է տարածել․ «Օգոստոսի 15-ին, երկուշաբթի, ժամը 12-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Արցախում, մասնավորապես Բերձորում, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության արդյունքում տեղի ունեցող ԷԹՆԻԿ ԶՏՈւՄՆԵՐԻ և Կրոնական ու Մշակութային կոթողների ոչնչացման։ Միտինգի պահանջներն են՝ 1. Դադարեցնել 2022թ․, օգոստոսի 6-ից Բերձորում և Աղավնոյում հայ բնակչության դեմ տեղի ունեցող էթնիկ զտումները։ 2. Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատում և քաղաքացիական ազատությունների, այդ թվում ազատ խոսքի իրավունքի պահպանում։ 3. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունից՝ իրեն հասու բոլոր լծակներով անհապաղ ազդել Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների վրա՝ դադարեցնելու Բերձորի և Աղավնոյի վարչական տարածքներում տեղի ունեցող Էթնիկ զտումները։ ՀՀ Կառավարության գործողությունները խախտում են ՄԱԿ-ի 1948թ ընդունված մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի ընդհանուր դրույթները, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՈ-ի ոչ նյութական արժեքների ժառանգության պաշտպանության կոնվենցիայի դրույթները»։ |