ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +5 °C ... +10 °C Վաղը`+7 °C
Հայաստանի հավաքականը Երևանում խոշոր հաշվով պարտվեց Ուկրաինային
19:06, 24.09.2022 | mamul.am
6403 | 1

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով, գրում է armsport.am-ը։

Առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին:

Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Լուկաս Սելարայանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն ոչ այնքան ուժեղ հարվածից հետո Դունինը հետ մղեց գնդակը: Րոպեներ անց Բիչախչյանը հնարավորություն ստացավ հաշիվը բացելու, բայց մոտ տարածությունից կատարած հարվածը շեղ ստացվեց:

Չնայած ակտիվությանը, 21-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հասավ Յուրչենկոյի դարպասի մոտ կանգնած Զուբկովին, ով էլ իր հերթին այն փոխանցեց Տիմչուկին, ով գրավեց դատարկ դարպասը:

Գոլից հետո մեր թիմը պարբերաբար գրոհներ էր ձեռնարկում, բայց խաղի տեմպն ընդհանուր առմամբ ընկավ. թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով:

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին մեր ընտրանին երկրորդ գոլը բաց թողեց: 65-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը տուգանայինի մատույցներից սպառնաց մրցակցի դարպասին, բայց գնդակը վերև ընթացավ:

Խաղի 67-րդ րոպեին հյուրերը 3-րդ գնդակն ուղարկեցին Դավիդ Յուրչենկոյի դարպասը: Աչքի ընկավ Դովբիկը։

Իսկ 81-րդ և 84-րդ րոպեին հյուրերն էլ ավելի մեծացրեցին իրենց առավելությունը․ աչքի ընկան Դանիլո Իգնատենկոն և Արտյոմ Դովբիկը, ով դարձավ դուբլի հեղինակ։

Այս խաղից հետո Ուկրաինայի ընտրանին 10 միավորով ժամանակավորապես գլխավորեց մեր խումբը։ Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է և հաջորդ՝ վերջին խաղում, Իռլանդիայում B լիգայում տեղը պահպանելու համար կմրցի տեղի հավաքականի հետ, որն այս պահին ունի 4 միավոր․ այսօր ավելի ուշ կհանդիպեն Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։ Եթե իռլանդացիներն այսօր հաղթեն, ապա մեր հավաքականը կկորցնի իր տեղը B լիգայում և հաջորդ մրցաշրջանում կխաղա C լիգայում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր