ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.72, EUR 415.43, RUB 6.29, GBP 481.71
+6 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Կա ևս մեկ խաղացող, որի դիրքորոշումն այս պատմության մեջ անկյունաքարային դեր է խաղալու». Արթուր Դանիելյան
17:12, 27.09.2022 | mamul.am
10609 | 0

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը պնդում է, որ նա պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի ՀՀ 1991 թվականի սահմանների վրա ու անվտանգության երաշխիքներ կտա Արցախի հայ բնակչությանը: Ու քանի որ նա արդեն նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից է քննադատել ռուսական խաղաղապահներին, ստացվում է, որ այդ անվտանգության երաշխիքները չեն կարա լինեն ռուս, այլ պիտի լինեն այլ երկրների խաղաղապահների տեսքով: Դատելով մեր երկրում ԱՄՆ ու ԵՄ ակտիվությունից` կարելի է ենթադրել, որ այդ երաշխիքները հենց իրենք էլ ուզում են տալ` Արցախում զորք տեղակայելով: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ պայմանագիրը: Կարելի է երկար բարակ գրել, թե ինչու, բայց տվյալ դեպքում դա էական չէ: Փաստ է, որ հրաժարվում է: Երեկվա Տեր-Պետրոսյանի հարցազրույցից, դրան նախորդած արտահոսքերից, և հարցազրույցին հաջորդած Աշոտյանի հայտարարությունից պարզ է դառնում նաև ներհայկական ընդդիմադիր քաղաքական դիսկուրսը: Տեր-Պետրոսյանը կոչ է անում ձեռք մեկնել Փաշինյանին, Սերժ Սարգսյանն ուզում է, որ ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու առաջադրի ու հեռացնի Փաշինյանին, իսկ Քոչարյանն ուզում է սպասի մինչև Փաշինյանը կտա ինչ պիտի տա, ու ինքը նստի Նիկոլի տեղը: Այս ամենից անում ենք ևս մեկ եզրահանգում. Ռուսաստանը նույնպես դեմ է Փաշինյանի առաջարկած խաղաղության պայմանագրին, այլապես հենց Քոչարյանն առաջին ձեռք մեկնողը կլիներ, ինչպես դա եղավ հետպատերազմյան բողոքի ալիքը ցրելուց, ընտրություններ կազմակերպելուց, ԱԺ-ի աշխատանքները լեգիտիմացնելուց և բազմաթիվ այլ դրվագներում:

Ստեղ կա ևս մեկ խաղացող, որի դիրքորոշումը, ըստ իս, այս պատմության մեջ անկյունաքարային դեր է խաղալու: Բանն այն է, որ Ադրբեջանի վերջին հարձակման նախաշեմին մի քանի կարևոր իրադարձություններ տեղի ունեցան:

Փաշինյանը ակտիվացրեց հայ-ամերիկյան մերձեցման գործընթացը, օգոստոսին հաստատվեց Փելոսիի այցի ժամկետը, Պ. նախարար Պապիկյանը 8 օրյա այցով մեկնեց ԱՄՆ, ու այս ամենի ֆոնին տեղեկատվական հոսքում մի տեսակ կորավ այն լուրը, որ սեպտեմբերի կեսերին պետք է տեղի ունենար հերթական, թվով 5րդ հայ-թուրքական հանդիպումը: Ընդ որում՝ ըստ հոդվածների, այս անգամ այն պետք է տեղի ունենար ոչ թե չեզոք գոտում, այլ կա՛մ Կարսում, կա՛մ Երևանում և պետք է ընդգրկեր բազմաթիվ պրոֆիլային գերատեսչություններ, որոնք կոչված էին համատեղ մեկնարկել հայ-թուրքական սահմանի վերաբացումը: Այս հանդիպումը, սակայն տեղի չունեցավ ադրբեջանական ագրեսիայի պատճառով: Թե ինչ ռազմավարական ճեղքեր ունեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ես գրել էի նախորդ տեքստերիցս մեկում (հղումը կդնեմ մեկնաբանություններում): Այնտեղ նշել էի նաև, որ ադրբեջանական այս ագրեսիայի ֆոնին կտրուկ լարվեցին ռուս-թուրքական հարաբերությունները:

Ստացվում է, որ հավաքական Արևմուտքը և Թուրքիան ունեն խնդրի լուծման ծրագիր, որը Հայաստանում առաջ են տանում Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը: Ադրբեջանն ու Ռուսաստանն այս ծրագիրը տապալելու նպատակ ունեն, և Հայաստանի ներսում դրան ծառայում է Քոչարյանը: Տակն էլ մնում է ճարահատյալ մարդկանց մի փոքր խումբ, ովքեր դեռ փորձում են ինչ-որ ձև դիմակայել բոլորին, ու էդ մարդկանց իղձերը մարմնավորում է Սերժը: Ըստ էության՝ քաղաքական դիսկուրսը պտտվում է քաղաքական պրագմատիզմի, պուտանկիզմի ու ռոմանտիզմի շուրջ: Ընտրությունը մերն է...

Հ .Գ. Երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցների ցանկի մեջ ներառել է Գոդ Նիսանովին` ռուս-ադրբեջանական բարեկամության գլխավոր խորհրդանիշին: ԱՄՆ-ն նույն քայլն արել էր այս տարվա հունիսին: Իսրայելի քաղաքացի Նիսանովն էն մարդն էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն աստծո առավոտ հանդիպում էր մեր դաշնակցի արտաքին հետախուզության պետ` Նարիշկինի հետ: Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ կոնգրեսը պատրաստվում է դիտարկել ՀՀ-ին զենք մատակարարելու հարցը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր