ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.12, EUR 410.25, RUB 6.49, GBP 474.58
+6 °C, +4 °C ... +7 °C Վաղը`+8 °C
Գեղամ Շախբազյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
14:00, 30.09.2022 | mamul.am
3415 | 0

Գեղամ Շախբազյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

«Սեպտեմբերի 29-ից սեփական դիմումիս համաձայն դադարեցնում եմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում գործունեությունս։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման բարձր և պատասխանատու պաշտոնն այս տարիների ընթացքում ինձ վստահելու համար։
2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստանձնել եմ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը, երբ փաստացի կառույցը կազմավորված չէր։ Աշխատանքային գործունեությանս առաջին օրվանից և դրան հաջորդող տարիների ընթացքում ՏՄ ղեկավարի պաշտոնում ես և իմ թիմը լծվել ենք Տեսչական մարմնի կազմավորման, և կայացման բարդ գործին։ Աշխատանքիս վերաբերվել եմ պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ, ջանք չխնայել՝ օր առաջ ՏՄ վերահսկողության ոլորտներում առկա յուրաքանչյուր խնդրի լուծմանն ուղղված աշխատանքներ իրականացնելուն։
Որպես Տեսչական մարմնի հիմնադիր ղեկավար՝ այս ընթացքում որդեգրել եմ այն սկզբունքը, որ Տեսչական մարմնում առկա ռեսուրսով և գործիքակազմով պետք է և պարտավոր եմ անել առավելագույնը՝ Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում անվտանգությունն ապահովելու, կանխարգելիչ-իրազեկող միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ, և հիմա վստահաբար նշում եմ, որ դա ինձ հաջողվել է։
Այս տարիների ընթացքում հազարավոր տնտեսավարողների մեջ կարողացանք ձևավորել ու արմատավորել այն գիտակցումը, որ անընդունելի ու մերժելի է օրենքի ու օրինականության շրջանակներից դուրս գործելաոճը։
Բոլորիս համար բարդ շրջան էր հատկապես անցած երկուսուկես տարին, երբ երկրում լարված իրավիճակ էր՝ COVID-19-ի համաճարակ, դրան զուգահեռ՝ պատերազմական և հետպատերազմյան շրջաններ, բայց ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հիմա նշել, որ Տեսչական մարմինն այդ ընթացքում աշխատել է անտրտունջ, առանց հանգստյան օրերի, աշխատել ավելի մեծ նվիրումով՝ հաղթահարելով կառույցի և երկրի առջև ծառացած մարտահրավերները։
Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից, Տեսչական մարմինն առաջիկայում էլ շարունակելու է իրեն վերապահված ու վստահված գործառույթներն իրականացնել նույն եռանդով, նվիրումով ու պատասխանատվության զգացումով։
Շնորհակալություն եմ հայտնում նաև պետական համակարգի մարմինների մեր գործընկերներին, ՀԿ ներկայացուցիչներին՝ այս ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար․ վստահ եմ՝ համագործակցությունը կլինի շարունակական։
Սիրելի՛ գործընկերներ,
Ես՝ որպես Տեսչական մարմնի հիմնադիր ղեկավար, միշտ բարձր եմ գնահատել Ձեր նվիրվածությունը, պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունը՝ ՏՄ գործառույթների իրականացման ընթացքում։ Հորդորում և խնդրում եմ նույն պատասխանատվությամբ շարունակել Տեսչական մարմնում Ձեր առաքելությունը՝ ի նպաստ ՀՀ անվտանգության և օրինականության պահպանման։
Մաղթում եմ անվտանգություն և զարգացում մեր Հայրենիքին,
Սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին»,- գրել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր