ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները
16:18, 25.10.2022 | mamul.am
5156 | 0

Հայոց ցեղասպանության թանգարան և ինստիտուտը հայտնում է. «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (The International Association of Genocide Scholars-IAGS) գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակվող ագրեսիան Արցախի դեմ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ:

Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր մարմինը կոչ է անում.

• Միջազգային հանրությանը և ակադեմիական ու մշակութային կազմակերպություններին՝ դատապարտել Ադրբեջանի բռնությունն ու ատելության խոսքը Հայաստանի դեմ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանին ստիպելու դադարեցնել ռազմական գործողություններն ու ատելության խոսքը Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ հայերի դեմ,

• Ադրբեջանին՝ կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը,

• Ադրբեջանին՝ հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ (Գլուխ I, հոդված 2),

• Միջազգային հանրությանը՝ զսպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին, որը պատասխանատու է 2020 թվականի սեպտեմբերից Հայաստանի և հայերի դեմ իրականացված ագրեսիայի (հանցագործություններ խաղաղության դեմ), ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր