Լեհաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լուկաշ Յասինան հայտնել է, որ Պշևոդուվ գյուղում հրթիռի ընկնելու հետաքննության արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից: Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, միջադեպի վայր կայցելեն նաև ուկրաինացի փորձագետները։ Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ոչ ոք դեռ 100%-ով չգիտի, թե ում հրթիռն է ընկել Լեհաստանում՝ նոյեմբերի 15-ին Ուկրաինայի զանգվածային գնդակոծության ժամանակ։ «Աշխարհը նույնպես 100%-ով չգիտի, բայց ես վստահ եմ, որ ռուսական հրթիռ է եղել, և մենք օգտագործել ենք հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Բայց մենք պետք է լինենք ազնիվ. քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, չենք կարող ասել, թե ինչ տեսակի հրթիռ է, որի բեկորներն ընկել են Լեհաստանի տարածքում»,- նշել էր Ուկրաինայի ղեկավարը։ |