ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կապույտով լուսավորվել են Երևանի այն վայրերը, որոնք խորհրդանշում են, թե ինչ է պետք է երեխաներին առողջ և երջանիկ մեծանալու համար
21:48, 20.11.2022 | mamul.am
14724 | 0

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի առիթով Հայաստանը միացել է աշխահի այլ երկրներին՝ կապույտ գույնով լուսավորելու խորհրդանշական կառույցներ, այս անգամ՝ նոր տեսլականով: Այս տարի լուսավորվեցին Հաղթանակի զբոսայգում Մեծ Անիվը և Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաև Մատենադարանն ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը. այս ամենը խորհրդանշելու է, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին առողջ ու երջանիկ մեծանալու համար՝ ուրախություն և զվարճալի ժամանց, պաշտպանություն ու խաղաղություն, կրթություն ու մշակույթ, ինչպես նաև առողջություն ու սնուցում ընտանեկան միջավայրում: Նոյեմբերի 20-ին Երեխաների համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներում այդ օրը կապույտ լույսով լուսավորվում են տարբեր խորհուրդ և պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցներ/վայրեր։ Նախորդ տարիներին խորհրդանշական կապույտ լույսի ներքո լուսավորվել են Սիդնեյի օպերային թատրոնը, Աթենքի Ակրոպոլիսը, Գիզայի բուրգերը, Ռաշթրափաթի Բհավան նախագահական պալատները Նյու Դելիում, Աֆրիկակյան վերածննդի հուշարձանը Սենեգալում, Էմփայր Սթեյթ Բիլդինգը Նյու Յորքում և այլ վայրեր՝ ի աջակցություն երեխայի իրավունքների: «Այս տարի Երեխաների համաշխարհային օրը Հայաստանի «Light it Up Blue» (Լուսավորիր կապույտով) նախաձեռնության շրջանակում լուսավորվեցին Երևանի այն վայրերը, որոնք խորհրդանշում են այն, թե ինչ է պետք է երեխաներին առողջ և երջանիկ մեծանալու և ինքնաբավ և կարող մեծահասակներ դառնալու համար՝ Հայաստանի ապագան», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

«Երեխայի իրավունքների մասին կոնվեցիայից բխում է, որ մանկությունը յուրահատուկ, պաշտպանության արժանի ժամանակահատված է: Կոնվենցիան ապացույցն է այն բանի, որ աշխարհը կարող է համարձակ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ի պաշտպանություն բոլորի համար ավելի լավ ապագայի: Երեսուն տարի անց, թեև առաջընթաց գրանցվել է, շատ երեխաներ դեռ չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց բոլոր իրավունքներից։ Եվ սա է պատճառը, որ մենք պետք է միասին աշխատենք՝ ապահովելու համար, որ Կոնվենցիան մնա կենդանի և ապրող փաստաթուղթ և առաջնորդող լույս լինի յուրաքանչյուր երկրի, համայնքի և ընտանիքի համար»:

Նախորդ տարի Հայաստանում լուսավորվել են Երևանի մերձակայքում գտնվող հնագույն Զվարթնոց տաճարի ավերակները՝ խորհրդանշելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը` պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի իրավունքները, որտեղ էլ նա ապրի: Զվարթնոցի տաճարը 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Կապույտով լուսավորվել են Երևանի այն վայրերը, որոնք խորհրդանշում են, թե ինչ է պետք է երեխաներին առողջ և երջանիկ մեծանալու համար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր