Արևմտյան ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Forex Club-ի հիմնադիր Վյաչեսլավ Տարանի մահվան տարօրինակ հանգամանքները, ով ուրբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին, մահացել է ուղղաթիռի կործանումից Ֆրանսիայի Վիլֆրանշ-սյուր-Մեր կոմունայի մոտ՝ Լոզանից Մոնակո ճանապարհին: Այդ մասին գրում է Forbes-ը։ The Sun-ի բրիտանական հրատարակությունը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, պնդում է, որ Տարանը կապված է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության հետ և ներգրավված է եղել կրիպտո փոխանակման միջոցով փողերի լվացման մեջ: Forbes-ը հիշեցնում է, որ Վյաչեսլավ Տարանը վերջին տասը տարիներին ապրել է Մոնակոյում, ուներ այս երկրի անձնագիր։ Նրա այրին՝ Օլգան հրատարակում է Hello Monaco ամսագիրը։ Գործարարը երեք երեխա ունի։ Տարան Libertex Group-ի համահիմնադիրն էր, որն առաջարկում է տարբեր ակտիվների առցանց առևտուր՝ ապրանքներից մինչև սովորական արժույթներ և կրիպտոարժույթներ: Նա նաև եղել է Շվեյցարիայի Լոզանում գտնվող YouHodler SA-ի տնօրենների խորհրդի անդամ, որտեղից թռիչք է կատարել ուրբաթ օրը: Հիշեցնենք, որ 2022 թվականի սկզբից առեղծվածային հանգամանքներում մահացել են մի քանի խոշոր գործարարներ, որոնք հիմնականում առնչություն ունեն Ռուսաստանում նավթի և գազի բիզնեսի հետ։ |