ՀՀ կառավարությունը գերազանցել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար 2022թ–ի բյուջեով հատկացված գումարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշման նախագծից։ Դրա համաձայն` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար բյուջեով նախատեսված 370 մլն դրամից նոյեմբերի 4-ի դրությամբ մնացել է 78.7 միլիոնը։ Մինչդեռ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ լրացուցիչ 197.2 մլն դրամի ծախս է արվել, որը մնացորդային գումարով հնարավոր չէ փոխհատուցել։ ՀՀ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար էլ բյուջեով նախատեսված 320 մլն դրամից մնացել է 52 մլն–ը։ Բայց այստեղ ևս առկա են ՀՀ վարչապետի որոշումներ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռևս չեն ներկայացվել համապատասխան մարմինների կողմից: Իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար հատկացնել լրացուցիչ 180 մլն դրամ, ևս 30 մլն դրամ էլ` արտասահմանյան գործուղումների համար։ Հատկացումներն արվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի` բյուջեով նախատեսված գումարներից։ |