ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+3 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Հրաժարվում եմ վերցնել պատգամավորական մանդատ». Ռուբեն Մելքոնյան
19:18, 05.12.2022 | mamul.am
2499 | 0

«Հայաստան» դաշինքի անդամ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ,
- 2020 թ. համազգային աղետից հետո, առավել քան երբևէ, կարիք կար հասարակության տարբեր շերտերի գիտելիքների, հմտությունների համախմբման՝ հանուն պետականության և հանուն պետականության անկումը կանխելու: Լինելով և շարունակելով մնալ անկուսակցական՝ որոշում էի կայացրել իմ մասնագիտական գիտելիքները բացի գիտա-կրթական ոլորտից, ծառայեցնել նաև ավելի գործնական, այդ թվում և՝ քաղաքական դաշտում, քանզի ստեղծված օրհասական իրավիճակում զուտ գիտա-կրթական գործունեությամբ պարփակվելը համարել և համարում եմ խուսափողականություն, իսկ հարմարվողական մտավորականությանը՝ մեծագույն աղետ պետության համար: Ուստի, մասնակցել եմ 2021 թ. խորհրդարանական ընտրություններին այս իշխանություններին այլընտրանք հանդիսացող ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Դա բացի քաղաքականից, միևնույն ժամանակ, իմ քաղաքացիական քայլն էր:
- Սակայն տարբեր պատճառներով ընտրություններում արձանագրված արդյունքներով Հայաստանում տեղի չունեցավ փոփոխություն, և պատերազմում պարտված ուժը շարունակեց կառավարել: Ցավոք, իրականացել և շարունակում են իրականանալ շատ մասնագետների, այդ թվում և իմ, այն կանխատեսումները, որ իշխանափոխության չիրականացումը Հայաստանի համար որևէ դրական հեռանկար չի խոստանում. այսօրվա իրավիճակը դրա լավագույն ապացույցն է:
- Սկսած 2018 թվականից և հատկապես 2020 թ. նոյեմբերից հետո՝ որպես ընդդիմադիր քաղաքացի, որպես թուրքագետ ունեցել եմ և հիմա էլ շարունակում եմ ունենալ իմ փաստարկված մոտեցումները և դիրքորոշումը հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք որևէ փոփոխության չեն ենթարկվել:
- Իրավիճակը փոխելուն հանձնառու ընդդիմադիր ուժերին տարբեր պատճառներով առ այսօր չի հաջողվել հասնել հաջողության: Չեմ ուզում գնահատական տալ այն գործողություններին, որոնց մշակման և իրականացմանը որևէ մասնակցություն չեմ ունեցել, սակայն այս ընթացքը և այսօրվա գործելաոճը ինձ համար առհասարակ ընկալելի չեն, և համարում եմ, որ վերջնական նպատակին հասնելու համար արվող քայլերը այս պահին և իրողություններին համարժեք չեն:
- Հատկապես այսօրվա Ազգային ժողովում և ներկայումս ստեղծված իրավիճակում իմ հավանական պատգամավորական գործունեությունը համարում եմ ոչ նպատակահարմար, քանզի դրա օգտակարությունը մեր պետականության համար կարծում եմ կլինի կամ զրոյական, կամ աննշան, ուստի որոշում եմ կայացրել հրաժարվել խորհրդարանական ընտրություններից գրեթե 1.5 տարի անց ինձ հասած պատգամավորական մանդատից և չեմ ուզում մասնակցել ինքնանպատակ գործընթացներին:
- Շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ընդդիմադիր քաղաքացիական դիրքորոշմանը, իմ մասնագիտությունից բխող ճշմարտություններին և իմ գիտելիքներն ու հմտությունները անմնացորդ ծառայեցնելու եմ մեր պետականությանը, մեր լուսավոր երիտասարդ սերնդի կրթության գործին:
Հ.Գ. Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր