ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -3 °C ... +1 °C Վաղը`+1 °C
«Ադրբեջանն արդեն 3-րդ տարբերակն է ուղարկել, սակայն հայ ժողովուրդը ոչինչ չգիտի». Թորոս Ալեքսանյան
00:42, 08.12.2022 | mamul.am
4419 | 0

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստան են ուղարկել «Խաղաղության պայմանագրի» արդեն 3–րդ տարբերակը (բոլոր մանրամասներով), բայց, ըստ նրա, հայկական կողմը ոչ կառուցողական դիրք է բռնել ու չի ուզում խաղաղության գնալ:
Մի խոսքով, արդեն 3–րդ տարբերակն են ուղարկել, սակայն հայ ժողովուրդը ոչինչ չգիտի, թե ինչ է գրված այդ փաստաթղթերի մեջ, ոչ 1–ին, ոչ 2-րդ և ոչ էլ 3–րդ տարբերակը Հայաստանի իշխանություն կոչվածները չեն բարեհաճում ներկայացնել հայ ժողովրդի դատին: Դրանց հարկավոր է հիշեցնել, որ ըստ ՀՀ սահմանադրության իշխանությունը մեր երկրում մեզ է պատկանում, այսինքն, հայ ժողովրդին, ու հայ ժողովուրդն է, որ պիտի որոշի, թե ինչ պայմաններով է գնալու թշնամու հետ խաղաղության (եթե դա հնարավոր է իհարկե), եթե անգամ անհնար է այդ խաղաղությունը հաստատելը, միևնույնն է որոշողը մենք պիտի լինենք, այլ ոչ թե իրենք, որ մեզ հետ, այսինքն հայ ժողովրդի հետ, ոչ մի ընդհանուր բան չունեն:
Օրինակ ինչո՞ւ Զանգեզուրի միջանցք կոչվածի հետ կապված ադրբեջանական կողմի պահանջների մանրամասները չեն ներկայացնում մեզ, որպեսզի հասկանանք վերջապես, թե կոնկրետ ի՞նչ է իրենց ուզածը. որքան որ հասկանում եմ նրանք տարածքային պահանջ չեն դնում (համենայն դեպս պաշտոնապես), այսինքն չեն ասում, որ այդ միջանցքի տարածքը պիտի Ադրբեջանին տրվի, նրանք ընդամենը պնդում են (ըստ մամուլից ունեցած իմ ինֆորմացիայի), որ չպիտի հայկական կողմը մաքսակետ ու սահմանային ուղեկալ դնի այդտեղ. բայց չէ՞ որ այդպիսի հարցերը բանակցությունների ընթացքում կարելի է հարթել, ինչ-որ փոխզիջումային տարբերակներ կարելի է գտնել, դրանք այնպիսի կրիտիկական հարցեր չեն, հանուն որոնց նորից պատերազմի պիտի գնանք, առավել ևս, որ պատերազմի ելքը գիտենք, քանի որ մեր հնարավորությունները, այսօրվա դրությամբ, Ադրբեջան-Թուրքիա ռազմական տանդեմի հնարավորությունների հետ համադրելի չեն, ու շատ մեծ հարցական է` Իրանը կխառնվի՞, կփորձի՞ մեզ պաշտպանել, թե թույլ կտա, որ մեզ ոչնչացնեն, չէ՞ որ Իրանի ներսում լուրջ խնդիրներ են խմորվում (մյուս պետություններին չեմ հիշատակում, որովհետև նրանցից և ոչ մեկը չի խառնվելու, ինչպես միշտ կբավարարվեն կոչեր հնչեցնելով):
Հետևաբար, խնդիրը ներկա պահին հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որպեսզի մեր իշխանություն կոչվածները (իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի օկուպացիոն ռեժիմը ներկայացնողները) դադարեցնեն թշնամու հետ մեր թիկունքում խաղեր տալու իրենց սովորությունը, ինչ որ մի ձևով հարկավոր է դրանց ստիպել ու պարտադրել, որպեսզի հաշվետու լինեն մեզ, որպեսզի վերջապես սկսեն խոսել մեզ հետ, այլապես համոզված եղեք, որ կատաստրոֆայից չենք խուսափի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր