ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս տարի հաջողվեց գիրք հրատարակել Համո Բեկնազարյանի մասին». Զավեն Բոյաջյան
00:12, 29.12.2022 | mamul.am
2239 | 0

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կինոյի միջազգային օրվա առթիվ ուզում եմ տեղեկացնել, որ այս տարի հաջողվեց իրագործել մի վաղեմի ծրագիր՝ գիրք հրատարակել Համո Բեկնազարյանի մասին: Ժամանակին այս ֆենոմենալ մարդը բառիս բուն իմաստով արարեց հայկական կինոն, թող վերամբարձ չհնչի, ճիշտ ինչպես Աստված է արարել աշխարհը: Նրա մասշտաբի և նշանակության դեմք չկա մեր կինեմատոգրաֆում, Բեկնազարյանի մասին պիտի որ մի ամբողջ գրադարան ստեղծված լիներ, բայց հակառակը՝ նրա կյանքին ու արվեստին նվիրված գրականությունն աններելիորեն սուղ է:
Այս եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) հրատարակությունը 216-էջանոց պատկերագիրք է, որտեղ շեշտադրված է առաջին հերթին բեկնազարյանական արվեստի տեսողական կողմը, բայց գրքում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ուղեկցվում են իր՝ մեծ ռեժիսորի, նրա կենսագիր, ականավոր կինոգետ Կարեն Քալանթարի և այլոց մեկնաբանություններով ու դիտարկումներով: Ստացվել է պատկերային առատությունը տեքստային բովանդակալիության հետ համատեղած մի յուրատեսակ հանրագիտարան, որը ներկայացնում է Բեկնազարյանի կյանքն ու կինոուղին ծննդյան օրից մինչև կյանքի ավարտը՝ հընթացս անդրադառնալով ոչ միայն վարպետին ու նրա բոլոր ֆիլմերին, այլև Բեկնազարյանի հետ աշխատած շատ ու շատ արվեստագետների և ընդհանրապես հայկական կինոյի պատմությանը:
Գիրքը կազմել եմ ես Ռուզաննա Բագրատունյանի հետ, խմբագրի գործը ևս ես եմ ստանձնել, տեքստերը թարգմանվել են Լիլյա Չիլինգարյանի և Թերեզա Բարսեղյանի օգնությամբ, ձևավորողն է Վիտալի Ասրիևը, լուսանկարիչը՝ Համլետ Վարդանյանը: Պատկերագրքի տեսողական նյութի զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ և սիրով տրամադրվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով:
Մնում է ավելացնել, որ գիրքն արդեն տպագրվել է և շուտով արդեն տպարանային պահոցներից լույս աշխարհ դուրս կգա: Բեկնազարյանն, իհարկե, շատ ավելիին է արժանի, բայց թող սա մի համեստ տուրք լինի բոլոր ժամանակների հայ ամենամեծ արվեստագետների մեկի հիշատակին»:

Աղբյուրը` Զավեն Բոյաջյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր