Իրանի բանակի ուժերը Զոլֆաղար անունն ստացած լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Այս մասին հայտնում է MEHR լրատվական գործակալությունը։ Եռօրյա զորավարժություններին մասնակցել են իրանական բանակի բոլոր տեսակներն ու ճյուղերը, այդ թվում՝ օդուժը, հակաօդային պաշտպանությունը, սուզանավերի նավատորմը և ռազմավարական ռմբակոծիչները։ Հրատարակությունը նշում է, որ զորավարժությունները նպատակ են ունեցել ստուգելու իրանական ռազմական տեխնիկայի արդյունավետությունը և բարձրացնելու երկրի պատրաստակամությունը հնարավոր սպառնալիքների առաջ։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հակաիրանական էր անվանել ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն և ասել, որ այն արտացոլում է Թեհրանի նկատմամբ Վաշինգթոնի թշնամական մտադրությունները։ Քանանին ընդգծել է, որ Իրանի և այլ երկրների միջև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, համահունչ է միջազգային օրենքներին և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, մինչդեռ «ԱՄՆ-ը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը` ստեղծելով բազմաթիվ ռազմակայաններ տարածաշրջան»: Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2023 թվականի պաշտպանության բյուջեն՝ ռեկորդային 847,3 միլիարդ դոլարի չափով։ |