Շարունակելով ծանոթանալ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 20-րդ դարի սկզբում աշխատած հայ ճարտարապետների հետ, այս անգամ կներկայացնենք հայազգի տաղանդավոր ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանին, ով 1899-1912 թվականներին աշխատել է Բաքվում, իսկ 1912-1949 թվականներին՝ Թիֆիլսում։ Գաբրիել Տեր-Միքելյանը կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ճարտարապետական ձևերի ստեղծագործական վերարտադրությամբ նախագծել է 70 շենք, որոնցից կառուցվել է 37-ը։ Նրա բարձրարվեստ կառույցները նպաստել են Բաքվի և Թիֆլիսի 20-րդ դարասկզբի ճարտարապետության պատմության և ազգային ճարտարապետության զարգացմանը։ ![]() Հասարակական հավաքույթի ամառային ակումբը Թեև Գաբրիել Տեր-Միքելյանը երբեք չի աշխատել Հայաստանում, սակայն նա հատուկ սեր ուներ հայկական ավանդական ճարտարապետության հանդեպ՝ այն համարելով դասական։ Նրա արխիվներում գտնվել են զանազան հուշարձանների, եկեղեցիների և շենքերի մի շարք էսքիզներ՝ կատարված հայկական ճարտարապետական ոճով։ Նրա նախագծով է 1905 թվականին Յալթայում կառուցվել հայկական Սբ Հռիփսիմե եկեղեցին, որը հատակագծում հայկական կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցի է։ ![]() Յալթայի հայկական Սբ Հռիփսիմե եկեղեցին |