Կառավարությունն ընդունեց «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը: Նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները: Նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ: |