Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպե՞ս հաջողեց իսրայելական հասարակությունը, ո՞րն էր կառավարության նահանջի պատճառը
Իսրայելում ընթացիկ տարվա սկզբից վերսկսված ներքաղաղաքական ճգնաժամի հերթական շրջափուլը ժամանակավորապես (հավանաբար մինչև հուլիս ամիս) մեղմվելու ազդակներ է դրսևորում գործող կառավարության կողմից նախաձեռնված դատական բարեփոխումների ընդունումը մինչև Քնեսեթի հաջորդ գումարումը հետաձգելու արդյունքում։
Իսրայելական հասարակության տարբեր շերտերի շրջանում ալեկոծություն բարձրացրած այդ երկրի պատմության ընթացքում ձևավորված ամենաաջակողմյան կառավարության նախաձեռնած «բարեփոխումների» փաթեթը նպատակ էր հետապնդում քաղաքական իշխանության կողմից առավել վերահսկելի դարձնել դատական իշխանությունը։ Արդյունքում Իսրայելի փողոցները հեղեղած հարյուրհազարավոր իսրայելցիների պահանջների ազդու կառավարությունը ժամանակավոր հետքայլ արեց։
Եվ, այնուամենայնիվ, ի՞նչպես հնարավոր եղավ գործող կոալիցիային և հատկապես նրա՝ սկզբունքային փոխզիջումներից մշտապես հաջողությամբ մանևրած առաջնորդ Բենյամին Նեթանյահուին մղել զիջումների՝ համապետական բողոքի գործողությունների միջոցով։
1. Նախ և առաջ, պետք է ամրագրել, որ արձանագրված իրավիճակի առանձքային հիմքն այն է, որ Իսրայելը կայացած ժողովրդավարական պետություն է։ Այդ երկրի բնակչության ծանրակշիռ մեծամասնությունը գիտակցում է, որ ապրում է նման երկրում՝ դրա առավելություններով և թերություններով հանդերձ։ Եվ ինչպես համոզվում ենք՝ իսրայելցիները նախընտրում են ապրել հենց իշխանությունների հավասարակշռում ապահովող ժողովրդավարական համակարգի ներքո։
2. Իսրայելում կայացած են և անկախ են ինստիտուտները, հատկապես պետական, մասնագիտական, քաղաքացիական։ Համակարգված կերպով անշեղորեն գործում են արհմիությունները, որոնք կարող են, օրինակ, կես ժամանոց համապետական գործադուլ կազմակերպել և հռչակված նպատակին հասնելու դեպքում անմիջապես վերականգնել երկրի բնականոն ընթացքը։
3. Իսրայելում հատկապես ընդդիմությունը կարողացավ հաջողել ռազմավարական հաղորդակցության հարցում։ Արշավը նախաձեռնած ուժերը բավականաչափ համակարգված և կազմակերպված կերպով շուրջ 12 շաբաթ հանգստյան օրերին նախաձեռնում էին բողոքի գործողություններ՝ հանգամանալից կերպով իրազեկելով, բացատրելով հանրությանը երկրի ժողովրդավարական արժեքներին սպառնացող մարտահրավերների մասին՝ առանց սահմանելու պայքարի վերջնաժամկետներ, առանց փոխելու պայքարի բովանդակությունը(դատական բարեփոխումների չեղարկում, բայց ոչ գործող կառավարության հրաժարական)։
Կարևոր է ընդգծել, որ ընդդիմության տեսակետերը վայելում էին Իսրայելում ազդեցիկ արտաքին ոդերակատարների(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) համախոհությունը։
4. Զուգահեռաբար կառավարությունն ու հատկապես նրանում ներգրավված նոր ծայրահեղ աջակողմյան ուժերի անփորձ առաջնորդներն իրականացնում էին ոչ լիարժեք հաշվարկված քայլեր, կիրառում անընդունելի հռետորաբանություն, որն ավելի էր սրում հակակառավարական տրամադրությունները։
5. Արդյունքում, մշտապես փոխզիջումների վրա հիմնված իսրայելական քաղաքական համակարգը փակուղում հայտնվեց հատկապես այն բանից հետո, երբ կառավարությունը մերժեց նախագահի, կառավարության իրավական խորհրդատուների առաջարկած փոխզիջումային լուծումները, որի հետևանքով էլ կառավարող կոալիցիան սկսեց ճաքեր տալ։
Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա, վստահաբար, գործող կոալիցիան չի հրաժարվելու իր նախաձեռնությունից։ Եվ չի բացառվում, որ մի շարք կոսմետիկ փոփոխություններից հետո «փոխզիջման» ֆոնի ներքո կրկին փորձ արվի առավել պատեհ ժամանակահատվածում օրակարգ բերել բախեփոխումների փաթեթը։ Իսկ այդ ընթացքում ինչպես կդրսևորի իրեն ընդդիմությունը, ինչպիսի մարտավարություն կկիրառի, և որքանով այն կհաջողի, ներկայում դժվար է կանխատեսել»: