ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանցիների ակտիվությունը Տեղի ուղղությամբ պայմանավորված է ՀՀ-ն ԱՀ-ին կապող երթուղու փոփոխությամբ». Տիգրան Աբրահամյան
19:54, 30.03.2023 | mamul.am
3026 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ:
Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել:
Ըստ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունների, դեռ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին փոփոխության ենթարկվեց ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր Բերձոր քաղաքով և Աղավնոյով:
Նախատեսված էր, որ շրջանցիկ ճանապարհը դրանից հետո դեպի ՀՀ պետք է մուտք գործեր ոչ թե Տեղ գյուղով, այլ Կոռնիձորով, սակայն ՀՀ իշխանությունը ճանապարհի այդ հատվածը չէր կառուցել և Արցախին փաստի առաջ կանգնեցնել:
Ավելի ուշ, ՌԴ միջնորդությամբ, Ադրբեջանը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամանակ սահմանեց, որպեսզի ՀՀ-ն ճանապարհը կառուցի` մինչև այդ 4.7 կմ-ոց ժամանակավոր ճանապարհ կառուցելով, որը կրկին ՀՀ մուտք ապահովում էր Տեղ գյուղով` շրջանցելով Բերձորն ու Աղավնոն:
Այս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով, այսինքն` միջանցքն ու նրա տրամաբանության 5կմ-ոց բուֆերային գոտին Տեղ գյուղից տեղափոխվում են դեպի Կոռնիձոր:
Ադրբեջանն այս պահին տեղակայման, դիրքավորման աշխատանքներ է իրականացնում Տեղ գյուղի այն 5 կմ-ոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ, որովհետև այն 5կմ-ոց միջանցքի հատված էր:
Ո՞րն է ՀՀ խնդիրը:
ՀՀ իշխանությունը պայմանավորվածություն ունենալով կամ նվազագույնը տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը չի տեղակայել այդ հատվածում:
Ադրբեջանն օգտվելով հնարավորությունից, եկել է և դիրքավորվել է բարենպաստ բարձունքներում, հատվածներում` հենց սահմանագծին, իսկ ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված կտեղակայվեն մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, իսկ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային, տարածություն կձևավորվի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր