ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Դատախազը Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
11:24, 10.04.2023 | mamul.am
3062 | 1

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս-ն, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) նախագահ Վ.Վ-ին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես՝ Մ.Ս-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ-ին, մոտեցել Հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:

Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը):

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ»:

Ավելի վաղ հայտնել էինք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր