ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է». վարչապետ
09:12, 24.04.2023 | mamul.am
4708 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն է, մեր պատմության, անցյալի և ապագայի մասին մտածելու մի բացառիկ օր: Ի՞նչ են մտածում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած քայլող երիտասարդ ծնողները, կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները:
Նրանք, թերևս, խորհում են երկու հարցի շուրջ. ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար: Հայոց ցեղասպանության պատճառների մասին հարյուրավոր ու հազարավոր աշխատություններ են գրվել, ի հայտ են բերվել բազմաթիվ պատճառներ և շարժառիթներ: Ինչ վերաբերվում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից:
Պետությունը, միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ:
Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով:
Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն:
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի առաջ և խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին: Եվ սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր