Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երկուշաբթի օրը՝ մայիսի 15-ին, բողոքի ցույց է տեղի ունեցել նախկին վարչապետ Իմրան Խանի ազատ արձակման դեմ, ում կալանավորումը նույնպես անկարգությունների պատճառ էր դարձել։ Պակիստանի կառավարության բողոքի ակցիաների կոչը դիտորդներն ընկալում են որպես վարչապետ Շեհբազ Շարիֆի գլխավորած կոալիցիայի փորձ՝ ուժ ցույց տալու Իմրան Խանի կողմնակիցներին: Պակիստանի ընդդիմության և կառավարության միջև հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Մայիսի 9-ին Խանի ձերբակալությունից հետո երկրում անկարգություններ են սկսվել, որոնց ընթացքում սպանվել է առնվազն ութ մարդ, իսկ գրեթե 2000-ը ձերբակալվել է։ Իմրան Խանը վարչապետի պաշտոնից հեռացել է 2022 թվականի ապրիլին, երբ նրա հանդեպ անվստահություն են հայտնել։ Այդ ժամանակից ի վեր Պակիստանի իշխանությունները նրա դեմ մոտ 100 մեղադրանք են ներկայացրել, այդ թվում՝ կոռուպցիայի, ահաբեկչության և փողերի լվացման համար։ Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի: |