Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Քիբերտարածության պետական գրասենյակն արգելել է կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի ազգային օպերատորներին ապրանքներ գնել կրիչներ արտադրող ամերիկյան Micron Technology-ից: Ինչպես նշվում է, աուդիտի ընթացքում պարզվել է, որ ընկերության արտադրանքն, իբր, վտանգ է ներկայացնում ազգային քիբերանվտանգության համար։ «Ստուգումը ցույց է տվել, որ Micron-ի արտադրանքը բավականին լուրջ պոտենցիալ խնդիրներ ունի ցանցային անվտանգության հետ և ազդում է ՉԺՀ-ի ազգային անվտանգության վրա»,- ասվում է գործակալության կայքում։ Կարգավորողն ասել է, որ «Չինաստանում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի օպերատորները պետք է դադարեցնեն Micron-ի արտադրանքի գնումները»: Ամերիկյան ընկերությունը չի անցել քիբերանվտանգության ոլորտում վերահսկողական գործակալության կողմից ավելի վաղ նախաձեռնած ստուգումը, ասվում է զեկույցում։ Չինաստանի իշխանությունները Micron Technology-ի նկատմամբ հետաքննություն են սկսել մարտի վերջին։ Micron-ը միկրոպրոցեսորների՝ աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Մարտի սկզբին Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները կանոնավոր ստուգումներ են անցկացնում ընկերությունում՝ օրենքով սահմանված կարգով։ |