ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+4 °C
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետին
13:48, 31.05.2023 | mamul.am
2094 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին:

Վարչապետը ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին, այժմ տեղի է ունենում պարոն Շեյմենի այցը, իսկ առաջիկայում սպասվում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս ամենը վկայում է երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին: Հայ-հունգարական կապերի ամրապնդումը վարչապետը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության համատեքստում:

Ժոլտ Շեյմենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ողջույնները: Պարոն Շեյմենը ևս կարևորել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու ընդգծել Հունգարիայի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով, նա շեշտել է Հունգարիայի համայնքի կարևոր դերը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հունգարական կառավարությանը՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հոգատար վերաբերմունքի համար:

Կողմերն ընդգծել են տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել են Երևանի և Բուդապեշտի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմանն ուղղված քայլերը: Ժոլտ Շեյմենն իր հերթին տեղեկացրել է, որ Հունգարիայի կառավարությունը հայ ուսանողների համար նախաձեռնել է կրթաթոշակի ծրագիր:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության տարբեր հարցերի:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ դրա հետևանքով տեղի հայությունն ապրում է հումանիտար ճգնաժամ: Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
00:00, 25.02.2024
10837 | 0
դեպի վեր