ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններն անհանգստացրել են Իսրայելին
22:36, 04.06.2023 | mamul.am
5528 | 0

Իրանի հարցով Ջո Բայդենի հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին վերջերս մի քանի հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ։

Financial Times-ը հայտնում է, որ Մալլիի շփումները Ամիր Սաիդ Իրավանիի հետ, հավանաբար, առաջին անմիջական շփումն էին ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին այդ երկիրը դուրս բերեց Իրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային համաձայնագրից:
Թերթը, վկայակոչելով դիվանագետներին ու վերլուծաբաններին, նշում է, որ Իրավանին եղել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ավագ անդամ, նախքան անցյալ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում նշանակվելը։ Գերագույն խորհրդի նախորդ ղեկավարը, ով փոխվել է անցյալ ամիս, առանցքային դեր է խաղացել բանակցություններում, որոնք հանգեցրել են 2015 թվականի միջուկային գործարքին։

Բայդենի վարչակազմին մոտ կանգնած թերթի անանուն աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները հիմնականում կենտրոնացել են հնարավոր բանտարկյալների փոխանակման վրա:

«Բանտարկյալների փոխանակումը կլինի բանակցությունների սկիզբը,- ասել է դիվանագետը։- Քիչ հավանական է, որ միջուկային գործարք լինի, բայց կարող է լինել միջանկյալ համաձայնագրի կամ սառեցման նման մի բան»:

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա ասել է, որ վարչակազմը «միշտ հավատացել է, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է՝ ապահովելու և երկարաժամկետ կտրվածքով երաշխավորելու, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի»:

Financial Times-ի նյութը հրապարակվել է մեկ օր անց այն բանից, երբ ՄԱԳԱՏԷ-ն փակեց հետաքննությունն իրանական օբյեկտի նկատմամբ, որտեղ կասկածվում էր գաղտնի միջուկային գործունեություն: Ի պատասխան Իսրայելը մեղադրել է դիտորդներին Թեհրանի ճնշմանը ենթարկվելու համար, գրում է Israel's Details-ը։

Անցյալ տարի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցություններն ավարտվել էին անհաջողությամբ, սակայն վերջին զեկույցները մատնանշում են դիվանագիտական ​​նախաձեռնության հնարավոր նորացմանն ուղղված քայլեր՝ առաջացնելով Իսրայելի մտահոգությունը, որ նոր համաձայնագիրը կարող է օրինականացնել Իրանի միջուկային գործունեությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր