ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մեծավանի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել
18:54, 05.06.2023 | mamul.am
2241 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակիչը, նպատակ ունենալով զբաղեցնել Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ նշված պաշտոնն զբաղեցնելու պարտադիր պահանջներից է նաև բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հաստատող փաստաթղթի առկայությունը, ձեռք է բերել իրավաբանական նշանակություն ունեցող և իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ՝ դիպլոմ, դիպլոմի հավելված հանդիսացող դասաժամերի և գնահատականների վերաբերյալ ներդիր, որոնք ներկայացրել է Տաշիրի համայնքապետարան։ Դրանց հիման վրա Տաշիր համայնքի ղեկավարի՝ 2022թ. դեկտեմբերի 1-ի կարգադրությամբ անձը նշանակվել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավար։

Վերջինիս կողմից ներկայացված Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքի «Սիբիրի պետական տեխնոլոգիական համալսարան»-ի կողմից տրված դիպլոմի ուսումնասիրությունը, սակայն, հիմք է տվել կասկածելու դրա իսկությանը, որի վերաբերյալ նշված ուսումնական հաստատություն կատարվել են հարցումներ:

Ըստ հարցման պատասխանների՝ պարզվել է, որ վարչական ղեկավարի տվյալներով անձ երբևէ չի սովորել հիշյալ ուսումնական հաստատությունում, և ներկայացված համարի դիպլոմ առկա չէ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Կեղծ դիպլոմ պատրաստելու և իրացնելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր