ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Հայության ազգային վերնախավերը պետք է գործեն մեր խարխլված ազգ-համակարգը վերահավաքելու ուղղությամբ». Վարդան Ոսկանյան
23:12, 16.07.2023 | mamul.am
1827 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Մեզանում հաճախ անպատասխան հարց է հնչում՝ այդ ինչպե՞ս է, որ համազգային աղետների խորապատկերին մեր ազգի մի խոշոր հատված անհաղորդ է դրանց, կամ ավելի պարզ ձևակերպմամբ՝ «ժանտախտի ժամանակ զբաղված է խրախճանքով»:
Խնդիրն, ըստ իս, շատ խորքային է և պայմանավորված է տասնամյակներ շարունակ տևած քարոզչական և քաղաքական տեխնոլոգիաների կիրառությամբ, որը կարելի է կոչել՝ որպես համակարգ ազգի լճացմանը, խարխլմանը կամ քայքայմանը միտված տեխնոլոգիական ազդեցություն, որը եղել է թե՛ ներսից, թե՛ դրսից։
Ինչպես ցանկացած համակարգ, ազգը ևս չի կարող դոփել իր տեղում։ Այն պետք է կա՛մ առաջընթաց ապրի ու զարգանա, կա՛մ լճանալով, մատնվի ապաստիճանման (դեգրադացիայի) և հետընթացի։
Հետևաբար, ազգային վերնախավերի խնդիրը պետք է լինի առաջինի ապահովումը, իսկ արտաքին թշնամիները և ներքին լյումպենները ձգտելու են երկրորդին։
Իզուր չէ, որ աշխարհի արդիական բանակները և հատուկ ծառայություններն ունեն առանձին ստորաբաժանումներ, որոնք զբաղված են հոգեբանական ու քարոզչական պատերազմների վարմամբ։
Ըստ այդմ, Հայաստանի և հայության ազգային վերնախավերը՝ քաղաքական, տնտեսական ու մտավոր, ոչ թե պետք է միայն բողոքեն առկա իրավիճակից, այլ արձանագրելով այն, գործեն մեր խարխլված ազգ-համակարգը վերահավաքելու ուղղությամբ՝ ծանր և ռեսուրսատար մի աշխատանք, որն անվերապահորեն պիտի խարսխված լինի միասնական նպատակների ու կամքի վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր