Մեծ Բրիտանիայում դատարանը նախկին բուժաշխատող Լյուսի Լեթբիին մեղավոր է ճանաչել 7 նորածինների սպանության և ևս 6-ի մահափորձի համար։ 33-ամյա բուժքույրը երեխաներին սպանել է նորածնային կլինիկայում, որտեղ նա աշխատում էր, գրում է The Independent-ը։ Հետաքննությունը սկսվել է 2017 թվականին՝ Չեսթերի կոմսուհիների հիվանդանոցից, որտեղ աշխատել է Լյուսի Լեթբին: Կասկածի տեղիք են տվել հաղորդումները, որ 2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի հուլիսը երեխաների մահացության դեպքերը 10%-ով աճել են: Հրապարակման մեջ նշվում է, որ հետաքննության սկզբում ոստիկանները բուժքրոջ տանը թղթեր են հայտնաբերել, որոնցում գրություններ են եղել՝ «Ես դև եմ, որովհետև ես դա արել եմ» և այլ չարագուշակ խոստովանություններ։ Հայտնաբերվել է նաև 257 արձանագրություն, որտեղ մանրամասն նկարագրված է երեխաների մահը, ներառյալ, թե ինչ դեղամիջոցներ է նա օգտագործել նրանց կյանքը խլելու համար: Բուժքույրը նորածիններին օդ է ներարկել կամ թունավորել ինսուլինով։ 2018 թվականին Լեթբին ձերբակալվել է։ |